38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Չե՞ք ասի` այս ճամպրուկներն ուր դնենք

Չե՞ք ասի` այս ճամպրուկներն ուր դնենք
05.06.2009 | 00:00

ՎԵՐՄԱԿ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ` ԻՐ ՈՏՔԻ ՉԱՓՈՎ
Երևանի ավագանու-քաղաքապետի ընտրություններից հետո անորոշությունն ու վերադասավորությունները շարունակվում են: Բոլորը սպասման մեջ են` կշարժվի՞ շղթան, որ իրենք էլ շարժվեն:
Լինենք պրագմատիկ` չի շարժվի:
Ամենամեծ անորոշությունն այս պահին ՀԱԿ-ում և ԲՀԿ-ում է: Նրանց խաղը հետընտրական շրջանում լինելու էր փոխպայմանավորված. ՀԱԿ-ը կարծում էր, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն այնպես կհոշոտեն միմյանց, որ իրենց կմնա լոկ «ոսկորների» մասին փաստն արձանագրել: Բայց քանի որ լուծվեց քաղաքական դաշտի գերան հարցը` Քոչարյանը հեռացավ, նոր իրավիճակում կողմնորոշվելու խնդիրը ծառացավ երկու ուժերի առջև էլ:
ՀԱԿ-ը փորձեց օրինակ ծառայել` վայր դրեց մանդատները, շատ լավ հասկանալով, որ նման բան ԲՀԿ-ն երբեք չի անի: Ընդ որում, սա այն դեպքն է, երբ ՀԱԿ-ական «վայրադրումը» լիովին կարող է բավարարել նաև իշխանության վերին էշելոնին. դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ ակնհայտ էր, որ շատ ուժեղ քաղաքապետ այս իշխանություններին առանձնապես պետք չէ, հակառակ դեպքում չէր բացառվում, որ «ուժային» բալանսը տեղաշարժվեր դեպ քաղաքապետարան, զի նոր օրենքով քաղաքապետը գրեթե մինի-պրեզիդենտ է, և քանի որ Գագիկ Բեգլարյանը մոսկովներում «ճանաչված» տղա է, կարող էր և շատ ուժեղանալ: ՀՀԿ-ի մասին` ներքևում, առայժմ դեռ ՀԱԿ-ի մասին:
Թե ինչ մարտավարություն կնախընտրի ՀԱԿ-ը քաղաքական անհնազանդություն-իշխանությունն ուժով վերցնելու «միջակայքում», կերևա հունիսի 12-ին:
Այնուհանդերձ, ոչ ոք չի հասկանա ՀԱԿ-ին, եթե վերջինս «վարի» համաներումից հրաժարվելու քաղաքականություն, մանավանդ որ շատերս ենք տեղյակ` տղաները բանտում լավ օրեր չեն ապրում։ Մեկը հիվանդ է, մյուսը ֆոբիա ունի փակ տարածքի նկատմամբ, երրորդի նյարդերն արդեն չեն դիմանում։ Խուլ դժգոհությունները շատ են:
Ընդհանուր առմամբ տպավորությունն այնպիսին է, որ ՀԱԿ-ը հաջորդ քայլով խորհրդարանական ընտրություններ է պահանջելու: Եվ ճիշտ էլ անելու է:
Համաներումից հետո պետք է իշխանություններն անպայմանորեն անցկացնեն խորհրդարանական ընտրություններ` օրենսդիր մարմնի քարտեզը հասարակության և քաղաքական քարտեզին համապատասխանեցնելու, երկիրը նորմալ հուն տեղափոխելու համար:
Դառնանք ՀՀԿ-ին, իսկ առավել ստույգ` Սերժ Սարգսյանին: Սանկտ Պետերբուրգում բանակցող Սարգսյանն այս պահին բավականին բարենպաստ վիճակում է:
ա) Որպես օրինաչափություն, Հայաստանում «հարցեր լուծող» և հայաստանյան «փորատակը» մշտապես խառնող (նկատի ունենք հոկտեմբերի 27-ն ու Լիտվինենկոյին, մարտի մեկն ու գեներալ Երմոլովին ու էլի լիքը բաներ) Ռուսաստանն ուղղակի փրկօղակ, եթե ոչ շատ «մեծ մայիս ու չքնաղ վարդեր» նվիրեց Սերժ Ազատովիչ Սարգսյանին` «Մոսքոու» տանելով մեր «երիտթոշակառուին», նրան այնտեղ, ոչ ավել ոչ պակաս, միլիոնուկես դոլարանոց թոշակ նշանակելով: Այո, նկատի ունենք «ականջաքաշության մետր», ինչպես նաև «մոսկայա-կլիզմայագետ», Գյուլին ոչ մի տեղ չհրավիրող մեր երկրորդ նախագահ Քոչարյանին։
Ռուսաստանն իր այդ քայլով բոլորին, ինչպես նաև հարակից և մնացյալ ուժերին հասկացրեց` Հայաստանում այս պահին (իսկ թե որքան երկար` չասաց) ինքը ճանաչում է Սերժ Ազատի Սարգսյանին: ՈՒ բոլորը պետք է կարողանան վերադասավորվել նրա շուրջ:
Մենք ընդամենը փաստն ենք արձանագրում:
Իհարկե, շատ միամիտ լինել պետք չէ` հասկանալու համար, որ մայր Ռուսիան դա խիստ հեռահար նպատակով է անում. նա այն «մայրերից» է, որոնք երբեք թաց տեղ չեն պառկում: Դե, լավ, մի չափազանցրեք, թե Ժիրինովսկին ասել է` Հայաստանը պետք է դառնա Ռուսիո նահանգ («Ժիրիկը», ինչպես միշտ, էքսցենտրիկ է ու խելագար): Իսկ, ա՛յ, որ Ռուսաստանում երազելով երազում են միութենական պետություն ստեղծել (իսկ բատկա Լուկաշենկոն, ահա, էլի «քցե՜ց» մատուշկա-Ռուսաստանին ու լավ արեց), կասկածել պետք չէ, քանի որ երազանքը գուրգուրվում է ամենաբարձր` պուտինյան մակարդակում:
Բոլոր դեպքերում, մեկ բան ակնհայտ է` Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որ Հայաստանը հրաժարվի գոնե ԵՄ արևելյան «հարևանությունից», ՆԱՏՕ-ից (լավ` նրա զորավարժություններից) արդեն իսկ հրաժարեցրել է:
Մի խոսքով, Ռոբերտ Քոչարյանը հայտնվել է պահեստայինի նստարանին` ասպարեզն ամբողջովին թողնելով Սերժ Սարգսյանի հայեցողությանը, և դա «փայլուն» ժամանակահատված է վերջինիս համար` վերադասավորվելու, գործերը կարգի գցելու համար, քանի դեռ կկուն չի կանչել:
բ) ԱՄՆ-ը: Թույլ տանք մեզ համարձակություն և կարծենք, որ Աղվան Գառնիկիչի կողմից քրգործեր հարուցված 8-րդ ընտրատարածքում հայտնված, ընտրախախտումներ տեսած տիկին Յովանովիչը, ինչպես նաև նրա բրիտանական «նապարնիկ»-դեսպանն իրենց երկրներով հանդերձ առանձնապես անկյուն չեն քշի հայոց իշխանություններին, որովհետև նույն անգլո-սաքսոնական թևի նկատմամբ մեր Սերժը նույնպես բարեհաճ եղավ իր օրերին (նկատի ունենք վերջինիս կողմից ապրիլի 22-ին Օբամային նետված փրկօղակը` հայ-թուրքական հայտարարության տեսքով): Այնպես որ, առաջիկա ԵԽԽՎ նիստում «մերոնց» հաշվով տրտունջ կհնչի, բայց ոչ ավելին:
գ) Այս կետով էլ Ադրբեջանի ԱԳ նախարարը փրկօղակ նետեց Սերժ Սարգսյանին` «փուռը տալով» Ռոբերտ Քոչարյանին և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի բաց աչքի առաջ ասաց` Քոչարյանի հետ իրենք ուժեղ «քիրվայություն» են արել տասը տարի` բանակցությունների տեսքով: Մի խոսքով, էլի շահեց Ազատիչը։ Պարզվեց, որ նա` 1) «խիստ» սկզբունքային է: 2) Կարող է շա՜տ հանգիստ Ալիևեի հետ ձեռ ձեռի` Սանկտ Պետերբուրգում չստորագրել որևէ փաստաթուղթ:
դ) Սերժ Սարգսյանը քաղաքապետական այս ընտրություններով առաջին հերթին վերադասավորեց իր շրջապատը (ԲՀԿ-ին դեռ կհասնենք): Իսկ, ա՛յ, Հովիկ Աբրահամյանը «չհամաներվեց»: Նա խաղից հանվեց ընտրությունների «տակ»` չկարողանալով հանց մեծն Բոնապարտ` աչքերին դնել հեռադիտակը և նայել, թե ինչպես են զմիմյանս «հոշոտում» ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, որպեսզի «կոնտրոլիրովատ» անի այդ շարժը, ԲՀԿ մանդատավայրադրումը չթողնի, լավամարդ լինի:
Էլ չենք ասում Լեհաստանում ընդդեմ Ռուսաստան հնչեցրած աբրահամյանական հայտարարությունների մասին, որոնք ընդհանրապես քանդեցին Հովհաննեսի տունը:
Մի խոսքով, Հովհաննես Ա-ի գործերն այս պահին խիստ «վատամարդ» վիճակում են, չնայած բոլորս գիտենք, որ ջրում, կրակում նա անպարտ է և շատ արագ կկարողանա ռեաբիլիտացվել:
Հա, խաղի մեջ է դեռ պարոն Արմեն Գևորգյանը` Քոչարյանի վերջին «մոհիկանը»: Բայց, դե, նրան էլ է թուլացում սպասում: Հենասյուները (Քոչարյան, ԲՀԿ, Հովիկ Աբրահամյան) հետ քաշելուց հետո նրա պատվանդանն էլ «տակից» կքաշեն, առաջիկայում մարզպետների հայտնի «դաստան» կազատվի աշխատանքից, իսկ դա կնշանակի, որ Արմեն Գևորգյանը ևս ի զորու չէ այլևս «պապայի» իր փայաբաժինն իրականացնելու:
ե) Այս կետով պետք է հարկավորը մատուցել ազատորդուն` Սերժ Ազատի Սարգսյանին` «դհոլահարման» հաշվով։ Այդ նա էր կամ նրա շնորհիվ էր, որ քաղաքական դաշտն սկսեց ազատվել «մնացորդացից». «հանգամանքն» սկսվեց «Ազգային միաբանությունից», տարածվեց ՕԵԿ-ի վրա, իսկ դաշնակների մասով ընդհանրապես մաստեր-կլաս ցուցանվեց:
զ) ԲՀԿ: Գագիկ Ծառուկյանին հաստատապես նախանձել չի կարելի. հետևը` սուր, առաջը` ջուր: Քոչարյանը գնաց, ինքը մեն-միայնակ է ու, թերևս, չգիտի նույնիսկ` ում հետ կիսվի:
Նրա կողքին եղող հավատարիմները խորհուրդ են տալիս` «պրիզնատ գալ նոր պապային», նորմալ աշխատել հետը, պրծնի-գնա այս ամենը:
Վատ խորհուրդ չէ:
Բայց այստեղ էլ լիքը խնդիրներ կան: Քոչարյանը հաստատ «ադաբրայմս» չի տա: «Նորն» էլ հնարավոր է որոշ վերապահումներ ունենա: Դեմն էլ տնտեսական ճգնաժամն է, իսկ ուտել` բոլորն են ուզում, էն խորհրդարանում էլ Հովիկ Աբրահամյանին «սպասում» է հարկային ներկայացուցչի մասին դարակազմիկ օրենքը: Այնպե՜ս որ…
Իսկ թե ինչ կորոշի Ծառուկյանը, կերևա մոտ օրերս:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2390

Մեկնաբանություններ